
Իրանը Միջին Արևելքի այն երկրներից է, որը պետք է անպայման այցելել: Դժբախտաբար այն վերջին ժամանակներս ստվերում է մնացել զբոսաշրջիկների համար օրենսդրական որոշ խստությունների և հիմնականում սեռական խտրականության հետևանքով:
Իրանն ունի բազմաթիվ պատմական հուշարձաններ և հինավուրց ժամանակներից պահպանված հսկայական շինություններ, որոնք ցանկացած զբոսաշրջիկ, անկախ իր մշակութային հետաքրքրություններից, կհավանի: Օրինակ վերցնենք Քաշանի պատմական տները, որոնք քաջարական դարաշրջանի Իրանի շքեղության մասին մեզ պատկերացում են տալիս:
Առանձնակի ուշադրության է արժանի Խանրնաք լքված գյուղի Ճոճվող մինարեթը: Այն իր անունը պատահական չի ստացել: Շինարարական նյութը ցեխից աղյուսներն են և փայտյա դետալները, որոնց շնորհիվ էլ այն ճոճվում է: Ուշագրավ է, որ դուք էլ կարող եք բարձրանալ մինարեթի վերնամասը և ճոճել այն:
Լեռնային տեսարանի սիրահարները նույնպես մի հետաքրքիր զբաղմունք կգտնեն այստեղ: Ալամութ հովիտը և Մարդասպանների բերդերը կապշեցնեն նրանց տպավորիչ տեսարանով:
Իրանում դուք կկարողանաք տեսնել աշխարհի ամենամեծ շուկան՝ Թավրիզի շուկան: Այստեղ կարող եք գնել աշխարհով մեկ հայտնի պարսկական գորգեր, զարդեղեն, համեմունքներ և այլն:
1930-ական թթ. Ֆրանսիացի հնագետները բացահայտեցին և պեղեցին Պարսից կայսրության ծիսական մայրաքաղաքը՝ Պերսեպոլիսը: Մինչ բացահայտումը լավ պահպանված ավերակները ծածկված էին ավազով: Այն ևս ուշագրավ վայր է զբոսաշրջիկների համար:
Մեկ այլ հիանալի վայր Իրանում, որ արժե այցելել, բանաստեղծ Հաֆեզի շիրիմն է, որը գտնվում է Շիրազ քաղաքում: Հաֆեզին սիրում և մեծարում էին Իրանում իր պոեզիայի համար: Եվ պատահական չէ, որ մի ժամանակ Իրանը հայտնի էր որպես պոեզիայի երկիր: Հետաքրքիր է տեսնել մարդկանց արձագանքը, երբ այցելում են բանաստեղծի շիրմին: Այնպիսի տպավորություն է, կարծես սրբատեղի են եկել:
Իրանը այն երկրներից է, որտեղ արժե լինել: Այնտեղ գնալու լավագույն սեզոնը գարունը և աշունն են: